11 հուլիսի 2020 - 13:53 AMT
Արմեն Սարգսյանը կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը։ Այդ մասին նա հայտարարել է Արցախում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։

Սարգսյանը՝ կարևորելով ժողովրդագրական խնդիրը, ասել է, որ Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ նաև մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն։

Խոսելով Արցախի զարգացման հեռանկարների մասին՝ ՀՀ նախագահը շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալի մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։

Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաև նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։