29 հունվարի 2009 - 18:22 AMT
Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը փորձագիտական աջակցություն կցուցաբերի Հայաստանի նոր էներգաբլոկի կառուցման դեպքում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ի երեկոյան մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, դրանից հետո համաժողովի նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբի կողմից պաշտոնական ճաշ է տրվել Դավոս ժամանած բարձրաստիճան հյուրերի պատվին: Հանրապետության նախագահը երեկ ուշ երեկոյան մասնակցություն է ունեցել նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպած ընդունելությանը: Այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է իր երկկողմ հանդիպումները Դավոսում: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջուկային էներգիայի ոլոտում միջազգային գործակալության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության ներկա մակարդակը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր: Մուհամմեդ Էլ Բարադեյը բարձր է գնահատել նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ մինչ օրս հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ պատրաստակամություն հայտնել` տրամադրելու փորձագիտական օժանդակություն ծրագրի իրականացման տարբեր փուլերում: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրենը նաեւ բարձր է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը: Հանրապետության Նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մուհամմեդ Էլ Բարադեին` այս ուղղությամբ միջազգային նվիրատուների ջանքերի համակարգման եւ ցուցաբերած խորհրդատվական աջակցության համար: