11 հուլիսի 2020 - 17:12 AMT
Գեյթսը զգուշացնում է՝ համաճարակը կարող է դանդաղեցնել այլ հիվանդությունների դեմ պայքարը

Covid-19-ի համաճարակը խափանումներ է առաջացնում առողջապահական համաշախարհային մատակարարումների շղթայում՝ դանդաղեցնելով այլ հիվանդությունների, այդ թվում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը։ Այս մասին, CNN փոխանցմամբ, ասել է միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

ՁԻԱՀ-ին նվիրված միջազգային կոնֆերանսին ելույթ ունենալիս Գեյթսը հայտնել է, որ ՄԱԿ-ի և Համաշխարհային ֆոնդի կանխատեսումներով, այդ խափանումները կարող են պատճառ դառնալ, որ միայն Աֆրիկայում համապատասխան բուժումից զրկվի 100,000 մարդ։

Նա զգուշացրել է, որ եթե դեղերը և պատվաստանյութերը շուկա մտնեն բարձր գներով և ոչ թե տրվեն նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը, մարդկությունը կունենա ավելի երկար, անարդարացի և մահացու պանդեմիա։

«Մեզ անհրաժեշտ են առաջնորդներ՝ հավասարության հիմքի վրա հատկացումներ անելու բարդ որոշումներ կայացնելու նպատակով»,- ասել է նա։

Photo. Getty Images