13 հուլիսի 2020 - 11:11 AMT
ՊԲ․ Հուլիսի 13-ի գիշերը շփման գծում հիմնականում հանգիստ էր

Հուլիսի 13-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում հանգիստ է եղել: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի»,- նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։