13 հուլիսի 2020 - 14:21 AMT
Ընդդիմության առաջարկը՝ վերացնել ԱԴ ժամանակ հավաքների սահմանափակումը և կանոններ սահմանել

«Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը՝ արտակարգ դրության երկարացմանը զուգահեռ։

Աշխատանքային խումբն առաջարկում է հրաժարվել «հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից», դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման «անհիմն և տոտալ սահմանափակումը», փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու կանխել վարակի հնարավոր տարածումը։

Նշվում է, որ նախագիծն ԱԺ-ում կներկայացնի ԲՀԿ-ն։

Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1.5 մետր հեռավորություն և կրել դիմակներ։

Կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից իրենց առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրությունը վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը։

Հուլիսի 13-ին Կառավարության որոշմամբ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը 4-րդ անգամ երկարաձգվել է՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Վարչապետի խոսքով՝ ստիպված են երկարացնել արտակարգ դրության ժամկետը, սակայն մշակվում է նոր օրինագիծ՝ անհրաժեշտ գործիքակազմը կիրառելով ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի պայմաններում։