13 հուլիսի 2020 - 15:57 AMT
ՀԱՊԿ արտահերթը հայ-ադրբեջանական սահմանին սրման հարցով անորոշ ժամանակով հետաձգվել է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար հուլիսի 13-ին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ խոսնակի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է կայանա քննարկումը։

Զայնետդինովն ասաց՝ որ ավելացնելու այլ բան չունի,չմեկնաբանելով, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ի Տավուշի ուղղությամբ բախումներով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ:

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան, հայտարարվել է 2 ոստիկանի վիրավորվելու մասին: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին:

Photo. Ria Novosti