13 հուլիսի 2020 - 15:59 AMT
Աննա Հակոբյանը խաղաղության կոչ է արել․ Պատերազմից միշտ պետք է խուսափել, այլընտրանք կա

Պատերազմից միշտ պետք է խուսափել, միշտ այլընտրանք կա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կոչ անելով դադարեցնել սահմանային լարվածությունը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ մարտեր են ընթանում:

«Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»,- գրել է նա։

Հակոբյանի խոսքով՝ կանայք, մայրերը և քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:

Հակոբյանը նշել է, որ հատկապես համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը և մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետևելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների և ժողովուրդների համար:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։