13 հուլիսի 2020 - 17:33 AMT
PicsArt-ի հիմնադիր․ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հսկայական ավանդի համար՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի, հայտարարել է PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։

«Կրթաթոշակը կտրամադրվի Կարենի նախաձեռնած «Արմաթ» ծրագրի խոստումնալից շրջանավարտներից մի քանիսին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Համոզված եմ, որ սա հենց այն է, ինչը կլիներ Կարենի սրտով»,- նշել է նա՝ հավելելով, որ ծրագրի մանրամասները շուտով կհրապարակվեն PicsArt-ի էջում։

Ավոյանը հորդորել է մյուս ընկերություններին միանալ նախաձեռնությանը՝ ավելի մեծ թվով երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով։

Հուլիսի 10-ին մահացել էր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նա ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ նորարար նախաձեռնությունների հեղինակ էր։