13 հուլիսի 2020 - 19:07 AMT
Նախագահը՝ իտալացի բուժաշխատողներին․ Ձեր այստեղ լինելը ցույց է տալիս՝ երկու ժողովրդի բարեկամությունը հարատև է

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կորոնավիրուսի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու եկած իտալացի բուժաշխատողների խմբին։

Նա նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի պայմաններում, այլ՝ Հայաստանը տեսնելու ու բացահայտելու նպատակով այցի շրջանակում:

«Բայց հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել և անցնում: Դուք այստեղ եք՝ մեզ օգնելու։ Սա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև որ երկու հինավուրց ժողովուրդների՝ հազարամյակներով շարունակվող բարեկամությունը հարատև է»,- ասել է նախագահը շնորհակալություն հայտնելով բժիշկներին, իտալացի ժողովրդին ու նախագահ Սերջիո Մատարելլային:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշել է, որ իտալացի բուժաշխատողների՝ համավարակի դեմ պայքարի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների ու բարեկամ հայ ժողովրդի համար:

Հուլիսի 13-ին Հայաստան բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների խումբ է ժամանել նաև Գերմանիայից։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում չի հրաժարվի բարեկամ երկրների օգնությունից։