13 հուլիսի 2020 - 20:04 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ արագ վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման վերաբերյալ՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:

Ըստ դրա՝ միջնորդներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունը հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Համանախագահները նշում են՝ կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ։

«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները», - նշվում է հայտարարության մեջ:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանցիների գրոհի փորձը։ Կիրառվել է հրետանի, տանկ։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։