14 հուլիսի 2020 - 15:51 AMT
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն ԱԳՆ է կանչվել․ Պատճառը սահմանային լարման մասին հայտարարությունն է

Հուլիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, նրան ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, փոխանցում են Հայաստանի ԱԳՆ-ից։

Քոչարյանը դեսպանին ներկայացրել է ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին խորը մտահոգություն էր հայտնել ու նշել, որ իրենք կողմնակից են հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնվելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության վրա»։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։

Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։