14 հուլիսի 2020 - 20:16 AMT
ՆԱՏՕ-ն կոչ է արել լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու կանխել սահմանային հետագա սրացումը

ՆԱՏՕ-ն կոչ է արել հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքերին ու կանխել հայ-ադրբեջանական սահմանին հետագա սրացումը: Այդ մասին ասվում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«ՆԱՏՕ-ն անհանգստությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին զարգացումներին, որտեղ կիրառվում է ծանր տեխնիկա և կան զոհեր», - գրել է նա:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Համանախագահները նաև կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները:

Տավուշում սահմանին սրման արդյունքում հայկական կողմը 4 զոհ ունի ու 5 վիրավոր, Ադրբեջանը հայտարարել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։