Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին լոնդոնյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ է նկարել, որոշ հատվածներում հայտնվել են նաև սև առնետները, որոնց կերպարը նկարիչը նույնացնում է ապրելու համար պայքարի հետ, փոխանցում է BBC-ն։
Բենքսին Instagram-ի իր էջում հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա ստեղծում գրաֆիտիները։
Կրծողները պատկերված են բժշկական դիմակներով, ախտահանիչներով ու փռշտում են։
«Կորոնավիրուսային» տարրեր ավելացնելու համար Բենքսին կապույտ ներկ է օգտագործել, որը հիշեցնում է դիմակի գույնը, նույն գույնով նա նաև ստորագրել է վագոնի պատին։
Բենքսին ամենահայտնի փողոցային նկարիչներից մեկն է։ Մայիսին անգլիական մի հիվանդանոցում նա պատկերել էր երեխայի, ում կողքին Սարդ մարդն ու Բեթմենն են, իսկ ձեռքին՝ հերոսի կերպարով բուժքույրը։