15 հուլիսի 2020 - 23:46 AMT
Լատվիան անհանգիստ է «Ղարաբաղի Տավուշի մարզում» հրաձգությամբ

Լատվիայի Արտաքին գործերի նախարարությունն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին սրացման կապակցությամբ։ Հայտարարությունն ուշադրություն չէր գրավի, եթե նվիրված չլիներ «Լեռնային Ղարաբաղի Տավուշի մարզում փոխհրաձգությանը»։

Նախարարությունը նշում է, որ կատարվածը վտանգում է խաղաղությունն ու կյանքեր է արժեցել 2 կողմի համար։ Ռիգան կոչ է անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հերթական սրումից, ինչպես նաև պաշտպանում «ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես նշվում է Հելսինկյան Եզրափակիչ ակտում»։

Երկիրը նաև իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Հուլիսի 15-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: