ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, հայտնում են ԱԳՆ-ից:
Նա դեսպաններին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում: Մնացականյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ։
ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է կրակի դադարեցման և 1994թ. հրադադարի լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։
Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համատեքստում Զոհրաբ Մնացականյանը դատապարտել է Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլմանն ուղղված հայտարարությունները և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը։
Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: