18 հուլիսի 2020 - 17:03 AMT
Փաշինյանն ակնարկել է` Ադրբեջանն իր քայլերով էականորեն վնասել է նաև Իսրայելին

Ադրբեջանն իր գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն գործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում հայկական Զինված ուժերը խոցեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը։

Վարչապետը հավանաբար նկատի է ունեցել Իսրայելին, որը վերջին տարիներին Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է դարձել։

Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի պարկը հիմնականում բաղկացած է Իսրայելից գնված անօդաչուներից։ Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը Տավուշում և մեկն Արցախում։

Հայտնի է, որ ՀՀ զինված ուժերի խոցած անօդաչուներից մեկն իսրայելական Elbit Systems ընկերության Hermes-900 անօդաչուն է, մյուսը՝ Aeuronautics System ընկերության Orbiter-3-ը։ Ընդ որում՝ Hermes-900-ի խոցումն այս տեսակի անօդաչուի աշխարհում հայտնի առաջին խոցումն է։

Բացի այդ, հայտնի է նաև, որ հայկական բանակի ձեռքում է հայտնվել ադրբեջանական սահմանապահ ծառայությանը պատկանող Elbit Systems ընկերության արտադրած Sky Striker մահապարտ ԱԹՍ-ներից մեկը։