20 հուլիսի 2020 - 10:29 AMT
Սահմանին հարաբերական անդորր է․ Կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 9 անգամ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը հարաբերական անդորր է պահպանվել, այժմ ևս սահմանին հանգիստ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 137 կրակոց:

«Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ, ընդ որում, հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել»,-գրել է Ստեփանյանը։

Նա նշել է նաև, որ Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերին ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ, հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ մեկ անգամ են կրակել, հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթացել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվվել են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվել: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Վերջին օրերին սահմանին հարաբերականորեն հանգիստ է։