21 հուլիսի 2020 - 18:56 AMT
Կոնգրեսի ընդունած փոփոխությամբ Ադրբեջանը, գուցե, զրկվի ԱՄՆ ռազմական օգնությունից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հաստատել է պաշտպանական հատկացումների օրենքում փոփոխություններ անելու փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը։ Նա իր խոսքում կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Օրենսդրական փոփոխությունը դեռևս պետք է անցնի նաև Սենատի քվեարկությունը։

Փոփոխությունը նախատեսում է, որ Պենտագոնը և պետքարտուղարությունը պետք է զեկույց ներկայացնեն Կոնգրեսին՝ ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, եթե կասկած կա, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում:

Կոնգրեսականը նշել է, որ այս փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու, քանի որ, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ իր աջակիցներին խնդրել էր իրենց սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին՝ օրենքի ընդունման հարցում։