Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում. նա բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ $72․2 մլրդ կարողությամբ։ Հուլիսի սկզբին գործարարն աշխարհում 22-րդ ամենահարուստ մարդն էր ($46.3 մլրդ)։
«Ինձ բացարձակ միևնույն է։ Բոլոր թվերն աճում և նվազում են։ Իրապես կարևորն այն է, որ մենք ստեղծում ենք արտադրանք, որը դուր է գալիս մարդկանց», - դեռ հուլիսի սկզբին կտրուկ հարստանալուն արձագանքել էր Մասկը։
Նա իր կարողությամբ աշխարհում զիջում է 4 մարդու՝ Ջեֆ Բեզոսին ($189 մլրդ), Առնո Բեռնարին ($113.8 մլրդ), Բիլ Գեյթսին ($113.4 մլրդ), Մարկ Ցուկերբերգին ($90.3 մլրդ)։
Հուլիսի 1-ին Tesla-ն դարձել էր աշխարհի ամենաթանկ բաժնետոմս ունեցող ավտոմոբիլային ընկերությունը։ Այն արտադրում է էլեկտրամոբիլներ։
Մայիսի վերջին Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Այնտեղ էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։