21 հուլիսի 2020 - 18:08 AMT
Լավրովը ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Հուլիսի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկրում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշ է գազմակերպել, որի ընթացքում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կայունացման հարցը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանային իրադրության կայունացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։