31 հունվարի 2009 - 21:27 AMT
Յան Պոուլսեն. Ես հաճույք եմ ստանում Հայաստանում իմ աշխատանքից
Չնայած նրան, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին հանդիպումները 2010թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում դժգոհություն առաջացրեցին հավաքականի գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենի հասցեին, վերջինս դրանից չի ազդվել: Նա լավատեսորեն է տրամադրված եւ կոչ է արել երկրպագուներին նույն տրամադրվածությամբ սատարել թիմին առաջիկա խաղերում: «Նախորդ պարտությունները ոչ ոքի համար հաճելի չէին: Սակայն այժմ մենք պետք է կենտրոնանանք Էստոնիայի հետ խաղի վրա»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Յան Պոուլսենը:

Նա նաեւ նշել է, որ իրեն դուրեկան է աշխատել Հայաստանում, որտեղ նա մեծ ֆուտբոլային ներուժ է տեսնում աճող սերնդի մոտ: «Ես հաճույք եմ ստանում Հայաստանում իմ աշխատանքից: Ես գտնում եմ, որ հայ ֆուտբոլի զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտը մարզումների պայմանների, մասնավորապես, արհեստական դաշտերի բացակայությունն է: Միակ նորմալ արհեստական դաշտը «Բանանցի» սպորտային բազայում է: Իսկ ֆուտբոլի զարգացման համար հարկավոր է ունենալ լավ պայմաններ ու մարզիչներ: Այնուամենայնիվ, ես մեծ ֆուտբոլային ներուժ եմ տեսնում երիտասարդների մոտ: Կարծում եմ, հարկավոր է աջակցել ֆուտբոլի զարգացմանը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ապա միակ խնդիրը լեզուն է, որը ինձ թույլ չի տալիս անմիջական շփում հաստատել ֆուտբոլիստների հետ: Իրականում դա շատ մեծ խնդիր է»,-հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը: