24 հուլիսի 2020 - 11:41 AMT
Մյասնիկյանի հուշարձանը կհիմնանորոգվի

Երևանում մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:

Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել:

Հուշարձանային համալիրը մասամբ վնասված և անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել ու ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը:

Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախկին տեսքը: Վերանորոգման նախագիծը հաստատել է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարությունը, Երևանի քաղաքապետարանն էլ՝ շինթույլտվություն տվել:

Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով. մի մասը՝ 2020-ին, մյուսը՝ հաջորդ տարվա գարնանը: