24 հուլիսի 2020 - 16:27 AMT
ՀՀ ԱԳՆ կոչն արտերկրի հայերին՝ չտրվել ադրբեջանցիների սադրանքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր:

Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման միջադեպեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը:

Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:

ԱԳՆ-ն արձանագրում է, որ միջադեպերի ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավումը վկայում են, որ դրանք ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից:

«Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրնեում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

Ամենաթարմ դեպքը հուլիսի 23-ի երեկոյան էր, երբ Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ ադրբեջանցի հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։ Մեկ այլ խումբ այգում ոտքերով մի քանի անգամ հարվածել է հային և հարցրել՝ «Ղարաբաղն ումն է»։

Իսկ հուլիսի 23ին` դրանից ավելի վաղ, Գերմանիայիում հրկիզվել էր ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան, դիտարկվում է միտումնավորության վարկած։