25 հուլիսի 2020 - 11:06 AMT
Ադրբեջանցիները հակահայկական գրություններ են թողել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատերին

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը՝ «Խաչատուրեան Հայ Կեդրոնը»։ Այս մասին Faceboo-ում հայտնում է օգտատեր Վրույր Թադևոսյանը։

Նա գրառմանը կցել է տեսանյութ և գրել, որ դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ: