2 փետրվարի 2009 - 22:40 AMT
Հայ-լեհական հարաբերությունները մեծ ներուժ ունեն հետագա զարգացման համար
Հայ-լեհական հարաբերությունները մեծ ներուժ ունեն հետագա զարգացման համար, հատկապես տնտեսության ոլորտում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտխեն: «Լեհաստանում շահագրգռված են Հայաստանով, սակայն Հայաստանն իր հերթին պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի իր տնտեսության մեջ ներդրումներ ապահովելու համար: Այս դեպքում եղած ներուժը հնարավոր կլինի պատշաճ կերպով օգտագործել»,-հայտարարել է լեհ դիվանագետը: Նրա խոսքերով, մի քանի տարի առաջ Լեհաստանում բոլորովին այլ կերպ էին ընկալում Հայաստանը, սակայն այժմ այդ վիճակը փոխվում է: «Տարածաշրջանային իրադարձությունները, վերջին պատերազմը Հարավային Օսեթիայում այն տպավորությունը ստեղծեցին, թե Հայաստանն անկայուն երկիր է: Սակայն այդ պատկերն արագ փոխվում է»,-նշել է Տ.Կնոտխեն: Միեւնույն ժամանակ դիվանագետը նշել է,որ չնայած երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության փոքր ծավալներին, վերջերս որոշակի առաջընթաց է նկատվում հայ-լեհական տնտեսական հարաբերություններում: