Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խնդրում է երկրում ապրող հայրենակիցներին չտրվել որևէ սադրանքի, հանգստյան օրերին լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ և հայերին ներկայացնել որպես թշնամանք սերմանող ազգ։
Հուլիսի 25-ի գիշերը Facebook-ում հրապարակված տեսաուղերձում նա նշել է, որ իրավիճակն ինչ-որ առումով պայթյունավտանգ է և վտանգավոր, սակայն վերահսկելի, դրա համար անհրաժեշտ է չտրվել սադրանքների:
«Մեկ անգամ ևս թախանձագին խնդրում եմ այս պահին, այս օրերին պահպանել հանգստություն, պահպանել կապը մեզ հետ, համայնքային կառույցներ հետ»,- նշել է նա։
Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։
Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Հաջորդ օրը նրանք հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
Իր հերթին, Հայերի միությունը կոչ է արել լինել աչալուրջ, պահպանել զսպվածություն և ողջախոհություն, չտրվել սադրանքների։ Արտակարգ իրավիճակների դեպքում կապվել ՌՀՄ թեժ գիծ՝ 8-925-304-59-71 համարներով կամ իրավապահ մարմինների հետ։
Կարդացեք նաև՝ «ՌԴ ուժայինները հայ համայնքին խոստացել են խիստ պատժել ադրբեջանցիների հետ բախումների մեղավորներին»