25 հուլիսի 2020 - 17:39 AMT
ԱՄՆ դեսպանատուն․ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են, բայց բռնությանը պատասխան կտրվի

Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։

«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 23-ին Գերմանիայում հրկիզվե էր ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Գերմանացի փորձագետներն ու ոստիկանները դիտարկում էին միտումնավոր հրկիզման վարկածը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բոլոր ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և զսպվածություն դրսևորել։

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայերի և ադրբեջանցիների հետ կապված միջադեպ էր եղել Լոս Անջելես քաղաքում։ Ըստ տեղի հայերի՝ ադրբեջանցիները սադրիչ գործողություններ էին իրականացրել, որոշ հայեր բախումների հետևանքով վնասվածքներ էին ստացել։