25 հուլիսի 2020 - 15:56 AMT
Վիվա-ՄՏՍ․ Ադրբեջանցիների զանգերը սոցհարցումների նպատակով տրամադրված համարներից են

Հեռախոսահամարները, որոնցով ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգում են հայաստանցիներին տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ի սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ բջջային 094-39-75-95 և 093-52-72-08 հեռախոսահամարներից Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները զանգում են հայ բաժանորդներին ու անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում սոցհարցումներ՝ ՀՀ-ում, հատկապես՝ զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:

«Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ

Տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել: