25 հուլիսի 2020 - 18:50 AMT
Աստղագետները Վերմեերի «Դելֆտի տեսարան» կտավի առեղծվածն են գտել․ Վաղ առավոտ է պատկերված

Ամերիկացի աստղագետները կարողացել են լուծել հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Դելֆտի տեսարան» կտավի հանելուկը՝ հստակորեն պատասխանելով, որ կտավում վաղ առավոտ է պատկերված, փոխանցում է Popmech-ը։

Նախկինում մասնագետները չէին կողմնորոշվում 17-րդ դարում պատկերված կտավում առավոտ է, կեսօր, երեկո, թե մայրամուտ։

Տեխասի պետական համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ նկարում պատկերված է տեղական ժամանակով ժամը 8-ը, ենթադրվում է, որ նկարը պատկերվել է 1659 (կամ 1658) թվականի սեպտեմբերի 3-ի առավոտը։

Վերմեերի կտավում պատկերված ստույգ ժամը պարզելու համար՝ մասնագետները մեկ տարի ուսումնասիրել են Դելֆտի XVII և XIX դարերի քարտեզները, օգտվել Google Earth-ից՝ գտնելու համար այն անկյունը, որից լուսանկարիչը հիացել է տեսարանով։ Ըստ մասնագետների՝ նիդեռլանդցի նկարիչն աշխատել է Դելֆտի հարավ-արևելքում գտնվող հյուրանոցներից մեկի երկրորդ հարկում։

Հետազոտողները նաև համեմատել են տվյալ տարածքի լանդշաֆտը տարվա տարբեր եղանակներին ու պարզել, որ կտավում պատկերված է սեպտեմբերի 3-ը կամ 4-ը։ Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ Վերմեերը երկար է աշխատել իր կտավների վրա ու, գուցե, վերջնական պատկերը ստացվել է ամիսների կամ մեկ տարվա ընթացքում։

«Դելֆտի տեսարան» կտավը բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի ամենահայտնի նկարներից է: Կտավում նիդերլանդական Դելֆտ քաղաքն է՝ հարավ-արևելքից՝ Սխի գետի ջրանցքից: