27 հուլիսի 2020 - 12:24 AMT
Լեհաստանը դուրս կգա Ստամբուլյան կոնվենցիայի համաձայնագրից

Լեհաստանը պետք է դուրս գա կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին եվրոպական համաձայնագրից, որն ավելի հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա։ Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Զբիգնիու Զիոբրոն։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը «վնասակար» է, քանի որ պահանջում է դպրոցներում երեխաներին սովորեցնել գենդերի մասին: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները կանանց համար բավարար պաշտպանություն են ապահովել:

Ըստ BBC-ի՝ հազարավոր կանայք բողոքի ակցիաներ են իրականացրել որոշման դեմ։ Իսկ իշխող կուսակցությունը գործակցում է կաթոլիկ եկեղեցու հետ և խոստացել է նպաստել ավանդական ընտանիքի արժեքների ընդլայնմանը։

Զիոբրոն հայտնել է, որ հուլիսի 27-ից կառավարությունը պաշտոնապես կսկսի պայմանագրից դուրս գալու գործընթացը, որը վավերացվել է 2015 թվականին:

Նրա խոսքով՝ կոնվենցիան խախտում է ծնողների իրավունքները և «գաղափարական բնույթի տարրեր» է պարունակում:

Այս կոնվենցիային Հայաստանը միացել է 2017 թվականին, սակայն այն դեռ պաշտոնապես չի վավերացվել ՀՀ-ում։ Կոնվենցիան երկիմաստ մեկնաբանություն է ստացել նաև մեր երկրում։ Հասարակության որոշ շերտեր պայքարում են դրա վավերացման դեմ։