27 հուլիսի 2020 - 13:16 AMT
Գերմանիայում ՀՀ դեսպան․ Մի մասնակցեք չարտոնված որևէ բողոքի ակցիայի

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն այդ երկրում բնակվող հայերին հորդորել է չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին։ Դեսպանը նշել է, որ հենց լարվածության աճն է «սադրիչների հետապնդած նպատակը»։

Դեսպանը նշել է, որ աշխարհում արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր:

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։

Սմբատյանը հորդորել է զգոն լինել և չտրվել որևէ սադրանքի։

«Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում»,-ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է գործել ԳԴՀ օրենսդրության շրջանակում։