27 հուլիսի 2020 - 18:04 AMT
Տավուշում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

Հակառակորդի կրակից հուլիսի 14-ին վիրավորված և հիվանդանոցում ամսի 23-ին մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով:

Զինծառայողը պարգևատրվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար։

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորվել էր հակառակորդի կրակից Տավուշի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր զինհոսպիտալ, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա հուլիսի 23-ին մահացել էր։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։Վերջին օրերին սահմանին հարաբերական անդորր է։