28 հուլիսի 2020 - 12:44 AMT
Ալիևները հուլիսի 15-ի ցույցը որպես ընդդիմադիրներին ձերբակալելու առիթ են օգտագործում

Ադրբեջանի իշխանությունները Բաքվում «Ղարաբաղի ազատագրում» պահանջող հուլիսի 15-ի ցույցը որպես առիթ են օգտագործում Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամներին և ակտիվիստներին ձերբակալելու համար։

Ընդդիմադիր Turan․az-ի տվյալներով՝ մոտ 50 ակտիվիստ է ձերբակալվել ցույցի ընթացքում և հետո։ Նրանց մեծ մասին քրեական մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալվածների թվում է նաև կուսակցության ղեկավար խորհրդի 4 անդամ։

Բաքվում հուլիսի 14-ի երեկոյից մինչև լույս հազարավոր մարդիկ ցույցեր էին անում՝ պահանջելով շտապ հայտարարել մոբիլիզացիա և հայերից «ազատագրել Ղարաբաղը»: Ցուցարարները ներխուժել էին նաև Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով «Մոբիլիզացիա»։ Ուժայինները մահակներ, ջրցան և արցունքաբեր գազ էին կիրառել՝ ձերբակալելով շատերին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ցույցին, ասել էր՝ հազարներով պատերազմ են պահանջում, բայց 150 հոգի է կամավոր ցուցակագրվել․ «Ովքեր ուզում են փողոցի հերոս ձևացնել՝ դա վատ ճանապարհ է»։

«Կավկազսկիյ ուզելին» կուսակցության ներկայացուցիչ Սեյմուր Խազին պատմել է, որ ակտիվիստները հիմնականում մեղադրվում են ուրիշի գույքը ոչնչացնելու (Խորհրդադրանի գույքը, ոստիկանական մեքենաներ), հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար։ Ֆուադ Գահրամանլին, որը կուսակցության ղեկավար խորհրդից է, մեղադրվում է իշխանության զավթման հոդվածով։ Ձերբակալվածների մի մասն էլ մեղադրվում է ակցիայի ժամանակ կորոնավիրուսով միտումնավոր վարակելու համար։

Խազիի խոսքով՝ մեղադրանքները շինծու են և նույնիսկ ակցիային մասնակցած կուսակցականները չեն եղել խորհրդարանի շենք մտածների թվում։