29 հուլիսի 2020 - 14:52 AMT
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ազատել Ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարարին

ԱՄՆ իշխանությունները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարար Օսման Քավալային։ Նա արդեն 1001 օր է՝ բանտում է։

Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։

«Հորդորում ենք Թուրքիային հարգել իր հանձնառություններն ու արդարացի, թափանցիկ և արագ հանգուցալուծում տալ գործին», -ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, գրում է Ermenihaber-ը։

«Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող Քավալան Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ 2020-ի փետրվարի 18-ին ազատ էր արձակվել։ Սակայն ժամեր անց Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը ձերբակալման որոշում էր կայացրել:

Այժմ Քավալան մեղադրվում է 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդված հատկանիշներով, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձ»։

Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Anadolu Kültür հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է հատնել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։