3 փետրվարի 2009 - 17:52 AMT
Հիմա եւ' Հայաստանը, եւ' սփյուռքը շատ խոցելի են
«Հայաստանի առջեւ հիմա լուրջ խնդիրներ են ծառացել, որոնց լուծման հարցում իր գործունեության շրջանակներում կփորձի օգնել Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնը (ACNIS): Հիմա եւ' Հայաստանը, եւ' սփյուռքը շատ խոցելի են, եւ դա նույնպես մեր ապագա գործունեության թեմաներից մեկն է լինելու»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Կենտրոնի նոր տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, Կենտրոնը զբաղվելու է Հայաստանի հանդեպ աշխարհում եւ տարածաշրջանում կիրառվող քաղաքականության եւ տնտեսության հետազոտման հարցերով: Կենտրոնի առաջնությունների թվում նա նշեց ազգային անվտանգությունը եւ ռազմավարական հետազոտությունները:

«Կենտրոնի գործունեության գլխավոր սկբունքը կդառնա նրա չեզոքությունը, որովհետեւ Հայաստանում ներկայումս գոյություն ունեցող ինստիտուտների մեծ մասը ինչ-որ չափով կախված են քաղաքական ուժերից: Մենք զեկույցներ ենք պատրաստելու, կազմակերպելու ենք ազգային անվտանգության հետ կապված թեմաների լսումներ եւ քննարկումներ»,- ընդգծեց նա: ACNIS-ի նոր տնօրենը հերքեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության եւ 1993թ. Կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր ապագա գործունեության կապի վերաբերյալ ենթադրությունները: «Մեր զեկույցները բոլորին են հասանելի լինելու, ոչ թե միայն «Ժառանգություն» կուսակցությանը կամ որեւէ այլ կուսակցության»,- հայտնել է Գիրագոսյանը:

Ռիչարդ Գիրագոսյանն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական շտաբակայանում, պաշտպանության եւ անվտանգության հարցերով Jane's Information Group վերլուծական կենտրոնում (Վաշինգտոն): Ներկա պահին նա թուրքական Newsweek շաբաթաթերթի թղթակիցն է եւ Turkish Policy Quarterly ամսագրի խմբագրական աշխատակազմի անդամը: