29 հուլիսի 2020 - 16:20 AMT
Թուրք դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

Թուրքական սերիալների հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին առավելապես ճանաչում են «Մարգարիտ» սերիալից, ամուսնացել է հայ գործարար Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ, գրում է Arevelk-ը։

Պսակադրության արարողությունը համեստ է եղել։

Բիչակչին գործարար է, ծնվել և գործունեություն է ծավալել Թուրքիայում: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ տեր Զավեն Բիչակչյանը:

Օդենը 41 տարեկան է, նա արմատներով զազա է։ 2005-2007 թթ․ թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Զազաները կամ դիմլի` իրանական ժողովուրդ է, որը բնակվում է այժմյան Թուրքիայի արևելյան հատվածում. հաճախ համարվում է հարևան քուրդ ժողովրդի բաղկացուցիչ մասը։ Քրդերից զազաները տարբերվում են իրենց լեզվով, որը ծագում է մերձկասպյան շրջանից և ունի միայն հեռու բարեկամական կապ բուն քրդերենի հետ, և հավատքով, որը հանդիսանում է շիա իսլամի ճյուղերից մեկը. ալավիզմը զազաների գերակշիռ մասի հավատքն է։