ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակում համավարակի կառավարման տարբերակները քննարկվում են, լուծումը մեծապես կախված է նրանից, թե ինչ համաճարակաբանական իրավիճակ կլինի առաջիկայում, ասել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը լրանում է օգոստոսի 12-ին։
Փոխվարչապետի խոսքով դեռևս անորոշություն կա նաև համավարակի երկրորդ պոտենցիալ ալիքի հարցում, սակայն պարետատունն առաջիկա ամիսների համար համավարակի հաղթահարման պլան է մշակում։
«Կառավարման պլանի տրամաբանությունն այն է, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմանաներում, որպեսզի անվտանգության ու համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի վերադառնալ լիարժեք կյանքի»,- ասել է նա։
Ավինյանը նշել է, որ ներկայիս համաճարակային իրավիճակի կայունության պայմաններում քննարկվում է մի շարք ոլորտներում սահմանափակումների վերացումը։
Պարետի խոսքով՝ մշակման փուլում են կրթության ոլորտին վերաբերող կառավարման պլանները: Մշակման փուլում են և առաջիկայում կհրապարակվեն նաև գրադարանների, թանգարանների, համերգների, թատորնների վերաբացման մասին մանրամասն ուղեցույցեր։
Ավինյանը նշել է, որ դեռ հնարավոր չի լինի զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել ու առաջարկել ներգնա տուրիզմի տարբերակը։
Հուլիսի 29-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,937-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 723 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։ Ապաքինվել է 27,824 պացիենտ, փաստացի բուժվում է 9165։