30 հուլիսի 2020 - 10:10 AMT
ՊՆ․ Հակառակորդը 2 անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ»-ից

Հուլիսի լույս 30-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից (մեկական անգամ)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 120 կրակոց:

«Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրադադարը խախտվել է` 2 անգամ, Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ, Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններy մարտական հրաձգությամբ և երկու երկրի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։