30 հուլիսի 2020 - 10:48 AMT
Գյումերցի կինը 1,200,000 դրամով վաճառել է նորածին աղջկան․ Քրգործ կա

Նորածնի վաճառքի նոր դեպք է բացահայտվել, այս անգամ՝ Շիրակի մարզում։ Ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել, թե 2018-ի օգոստոսի 20-ին Գյումրիի բնակչուհին իր նորածին երեխային 1,200,000 դրամի դիմաց վաճառել է երևանցի ամուսիններին։

Պարզվել է, որ 1992-ին ծնված Արմավիրի բնակչուհին փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Գյումրիի 1989-ին ծնված բնակչի հետ, և վերջինիս ՌԴ-ում գտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, աղջիկ է ունեցել, որից հետո ամուսնուն և սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել, թե երեխան մահացել է: Այնինչ երեխային մոր օգնությամբ 1,200,000 դրամի դիմաց վաճառել է Երևանում բնակվող ամուսնական զույգի:

Երեխայի մայրը և Երևանի բնակիչը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ հայրության վերաբերյալ և այդկերպ կարողացել են գրանցել հայրության ճանաչման կեղծ փաստը։

Շիրակի դատախազությունում կայացվել ՔՕ 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ վաճառքը` պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով) և 169.1-րդ հոդվածով (ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը`պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի) քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Միայն 2020-ի հուլիսին ՀՀ-ում նորածնի վաճառքի ևս 3 դեպք է բացահայտվել։ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջկա էր գնել 1500 դոլարով։

Ավելի վաղ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում 37-ամյա մի տղամարդու հետ պայմանավորվել էր ծննդաբերությունից հետո երեխային գումարի դիմաց հանձնել նրան, կինը ստացել էր 350,000 դրամ, հանձնել նորածնին, ապա փոշմանել և հետ վերցրել երեխային։

Բացի այդ, Արտաշատում կինը փորձել էր 50,000 դրամով վաճառել իր նորածին երեխային։