30 հուլիսի 2020 - 16:10 AMT
Տավուշյան մարտերի ֆոնին թուրք-ադրբեջանական պլանային վարժանքները քարոզչական առումով օգտագործվում են ՀՀ դեմ

Հուլիսի 29-ին Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններն աննախադեպ չեն այն առումով, որ անցկացվում են 2014 թվականից սկսած ամեն տարի։ Սակայն առանձնահատուկ է զորավարժությունների ֆոնը՝ դրանց նախորդած տավուշյան իրադարձություններով, Հայաստանի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց Razm.info-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը։

Հարցին, թե արդյոք Տավուշում մարտերի ժամանակ Թուրքիայի բռնած դիրքորոշումը ՀՀ հանդեպ կարող է ազդել զորավարժությունների բնույթի վրա, Խաչիկյանը պատասխանեց․ «Դժվար է ասել, թե ինչքանով կազդի, կամ կազդի, թե՝ ոչ, բայց, այնուամենայնիվ, զորավարժությունները, բացի բուն ռազմական նշանակությունից, ունեն նաև քարոզչական կարևոր բաղադրիչ։ Իսկ այդ առումով, ինչպես արդեն տեսնում ենք՝ նրանք օգտագործվում են: Քարոզչական մասով կարող ենք ասել, որ ազդել է»:

Հուլիսի 29-ին մեկնարկել է թուրք-ադրբեջանական զորավարժության օդային փուլը, որը տևելու է մինչև օգոստոսի 10-ը։ Վարժանքներն անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում։ Իսկ զորավարժությունների ցամաքային փուլն անցկացվելու է օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում և Բաքվում։

Նմանատիպ զորավարժություններն անցկացվում են 2014 թվականից։ Նախորդը 2019-ի աշնանն էր։ Վարժանքների համար Ադրբեջան էին բերվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչներ, բեռնատար ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Իսկ ադրբեջանական կողմից ներգրավվել էին ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ: