31 հուլիսի 2020 - 10:33 AMT
ՊՆ․ Հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ հակառակորդն արձակել է 155 կրակոց

Հուլիսի լույս 31-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 155 կրակոց: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Կրակոցներ են արձակվել Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ, Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ»,- ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 31-ի վաղ առավոտյան ԶՈւ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ ըստ ՀՀ ԶՈւ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020-ի պլանի։

Հուլիսի 29-ին մեկնարկել է թուրք-ադրբեջանական զորավարժության օդային փուլը, որը տևելու է մինչև օգոստոսի 10-ը։ Վարժանքներն անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում։ Իսկ զորավարժությունների ցամաքային փուլն անցկացվելու է օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում և Բաքվում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։