31 հուլիսի 2020 - 13:41 AMT
«ՎԵՈՆ Արմենիան» գնելու համար Եսայաններին մրցակից է հայտնվել

«Նովաթել» ընկերությունը հայտնել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ՝ ՀՀ-ում Բիլայն բջջային օպերատորի 100% բաժնեմասը ձեռք բերելու իր «լրջագույն ցանկության մասին»։

«Նովաթելը» բարձր է գնահատում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ինժեներատեխնիկական և սպասարկող անձնակազմի որակավորումը, պատրաստակամ է ընկերությունն արդյունավետ կառավարել:

«Գերակա կհամարվի բաժանորդների թվի աճը և կապի որակի բարելավումը ներդրումային ծրագրերի շրջնակում»,- ասում են ընկերությունում։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Մինաս Երզնկյանը հայտնեց, որ ընկերությունը նորաստեղծ է։ Նրա խոսքով՝ ընկերության թիմը հեռուստահաղորդակցության ոլորտում աշխատում է երկար տարիներ, սակայն քանի որ վաճառող կողմը նախընտրում է գործ ունենալ նոր էջից բացված ընկերությունների հետ, դրա նպատակով թիմը որոշել է նոր ընկերությամբ հանդես գալ։ Ավելին ճշտել չհաջողվեց։

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը ներկայացված է «Բիլայն» ապրանքանիշի ներքո։ Այն գնելու ցանկություն ունի նաև UCOM-ի հիմնադիրներ Եսայան եղբայրների նոր՝ «Թիմ» ընկերությունը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է վաճառքը։ Ընկերությունը, Եսայանների պլանների համաձայն, պիտի գնվի վարկով ու գրավադրվի բանկում։