31 հուլիսի 2020 - 16:38 AMT
ՀՀ և Արցախի ԱԳՆ ղեկավարներ․ Պետսահմանին և շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը կարևոր է

Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում կարևոր է պետական սահմանին և շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը, հայտարարել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը։

«ԱԳ նախարարներն առաջնային են համարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, մասնավորապես` հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանումը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարումը և հակահայկական հռետորաբանության դադարեցումը»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանը շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ։

Հուլիսի 12-ից իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Պաշտոնական տվյալներով՝ սահմանային մարտերից հետո Ադրբեջանն ունի 13 զոհ, հայկական կողմը՝ 5։