4 փետրվարի 2009 - 14:50 AMT
Արթուր Մալոյան. «Հուսով եմ, որ ինձ կհրավիրեն Ռուսաստանի երիտասարդական հավաքական»
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Արթուր Մալոյանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: «Ես չեմ նեղանում երիտասարդական հավաքականի մարզիչ Իգոր Կոլիվանովից այն բանի համար, որ նա չկանչեց ինձ ՌԴ երիտասարդական հավաքական: Սկզբից ինձ հարկավոր է ամրագրվել ակումբում: Ոչ թե ժամանակ առ ժամանակ փոխարինման դուրս գալ, այլ մեկ-երկու տարի խաղալ: Իսկ հետո արդեն մտածել հավաքականի մասին»,-մեջբերում է Մալոյանին «Սովետական սպորտը»:

Նշենք, որ Մալոյանը հրավեր է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի համար: Սակայն վերջնական պատասխան դեռ չի տվել:

«Ինչ վերաբերում է հավաքականների ընտրությանը, ապա մենք դա պետք է որոշենք հորս հետ: Այս պահի դրությամբ ես հրավեր ունեմ Հայաստանից: Եթե ընտրությունը լինի Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականների միջեւ, մենք կմտածենք»,-ասել է Մալոյանը:

Մալոյանին հավաքական հրավիրելու հարցին անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի մասնագետ Յան Պոուլսենը:

«Ես դեռ չեմ տեսել Մալոյանի խաղը: Համոզվելու համար, որ նա կարող է մերվել թիմի հետ, նրան պետք է տեսնել խաղի մեջ: Անշուշտ, ես ուրախ կլինեմ, եթե մեր թիմը համալրվի լավ ֆուտբոլիստներով: Սակայն Մալոյանի հարցը բաց է մնում, քանի դեռ չի լուծվել անձնագրի հետ կապված հարցը»,-ասել է Պոուլսենը:

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մալոյանը երեք անգամ չեմպիոն է դարձել երիտասարդական թիմի կազմում, ընդ որում վերջին առաջնության ժամանակ նա ճանաչվել է թիմի լավագույն մարզիկ եւ առաջնության լավագույն հարձակվող: Իսկ դանիացի մասնագետ Միքայել Լաուդրուպի գալուն պես ընդգրկվեց նաեւ հիմնական թիմում: