3 փետրվարի 2009 - 20:45 AMT
Երեւանում սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալը
2009 թվականի փետրվարի 3-ին` ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ` Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Պետրոսի Մհերյանը: Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք` 1-ը կրծքավանդակի, 3-ը` գլխի շրջանում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ` ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: