3 օգոստոսի 2020 - 11:52 AMT
Microsoft-ը հաստատել է` բանակցում է TikTok-ի ամերիկյան մասը գնելու համար

Ամերիկյան Microsoft ընկերությունն առաջին անգամ հաստատել է, որ բանակցում է չինական ByteDance ընկերության հետ՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում TikTok հավելվածի տնօրինության իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Ընկերությունը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 15-ն ավարտելու է բանակցությունները, միաժամանակ զուգահեռ շարունակելու է աշխատել ԱՄՆ կառավարության հետ։ Գխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելան արդեն զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց մանրամասները հայտնի չեն։

Օգոստոսի 1-ին New York Times-ն իր աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ ամերիկյան Microsoft-ը չինական ByteDance-ի հետ բանակցություններ է վարում՝ TikTok-ը ձեռք բերելու համար և արդեն օգոստոսի 3-ին գործարքը կարող է կայանալ։

Microsoft-ը տեղեկացրել է, որ կերաշխավորի հավելվածի օգտատերերի տվյալների անվտանգությունը։

Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է արգելել երկրում TikTok հավելվածը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել էր TikTok-ին Չինաստանի իշխանություններին օգտատերերի անձնական տվյալներ տրամադրելու համար։