4 օգոստոսի 2020 - 12:59 AMT
ՄԱԿ․ Covid-19-ի պատճառով խախտվել է 1 մլրդ ուսանողի և աշակերտի ուսումը

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դպրոցների և բուհերի փակումը խախտել է մոտ 1 մլրդ ուսանողի և աշակերտի լիարժեք ուսումնական գործընթացը 160 երկրում։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ներկայացնելով հուլիսի կեսի տվյալները։

Առնվազն 40 մլն երեխա աշխարհում զրկվել է չափազանց կարևոր նախակրթական նախապատրաստումից։ Նա հավելել է, որ առցանց ուսումն ու դասերի հեռարձակումը հեռուստատեսությամբ և ռադիոյով թույլ չեն տվել ներգրավել բոլոր աշակերտներին։ Նշվել է, որ դեռ մինչ պանդեմիայի բռնկումը դպրոցում սովորելուց զրկված էր ավելի քան 250 մլն երեխա, իսկ զարգացող երկրներում երեխաների միայն մեկ քառորդն էր ավարտում դպրոցը, գրում է Interfax-ը։

Գուտերեշը հայտարարել է ՄԱԿ նոր ծրագրի մեկնարը, որի կարգախոսը կլինի «Փրկել մեր ապագան»։ Այդ ծրագրի շրջանակում ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին բացել դպրոցները հենց որ հաջողվի վերահսկողության տակ վերցնել կորոնավիրուսի համավարակը։

Աշխարհը հայտնվել է «սերնդային աղետի» առջև, որի արդյունքում հսկայական մարդկային պոտենցիալը կարող է չօգտագործվել, կխորանա անհավասարությունը և կրթության ոլորտում ձեռք բերված առաջընթացը կկորցվի, զգուշացրել է Գուտերեշը։

ՄԱԿ-ը նաև կոչ է արել գերակա դարձնել կրթության ծախսերը։

Ծրագրի նպատակներից մեկն է ապահովել այն անձանց կրթության հասանելիությունը, որոնց համար դա առավել դժվար է՝ ճգնաժամային իրավիճակներում ապրողներին, փոքրամասնություններին, հաշմանդամներին, ինտերնետի հասանելիություն չունեցողներին։

Գուտերեշը նաև հորդորել է վերաիմաստավորել կրթական գործընթավը, ավելի ճկուն համադրել ուսումնառության տարբեր մոտեցումները։

Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 18 մլն վարակակիր, մոտ 700,000 մարդ մահացել է, ապաքինվել է ավելի քան 11 մլն մարդ։