5 օգոստոսի 2020 - 19:36 AMT
ՊՆ․ Նորակոչիկների երդման արարողություններին ծնողները չեն մասնակցի

Նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները: Նպատակը զորամասեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելն է, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ն խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին և նշում, որ դրանք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով:

Հայաստանի զինված ուժերում կորոնավիրուսի դեմ կանխարգելման միջոցառումները սկսել են դեռ փետրվարի վերջից։ Մինչ օրս արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, ժամկետայինների արձակուրդներն ու ազատ արձակումները։ Ամառային զորակոչին ենթակա բոլոր քաղաքացիները նախքան ծառայության վայրի վիճակահանությանը մասնակցելը թեստավորվում են կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերով։