6 օգոստոսի 2020 - 10:05 AMT
Վարչապետի խոսնակ․ ՀՀ-ն դեղորայք, բուժսարքավորումներ, սնունդ կհասցնի Բեյրութ

ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:

«ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով, մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ ՀՀ-ի պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։