6 օգոստոսի 2020 - 13:33 AMT
ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքը

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները։ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 5-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ:

Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում արձանագրվել են «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին։ Այցի արդյունքներով կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Բացի այդ, Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ, քննարկել նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, արել անհրաժեշտ իրավական ուղղորդում:

Ջերմուկ գործուղված ՄԻՊ ներկայացուցիչները 2 օր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, համայնքների բնակիչների, այնպես էլ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամուլսարի ակցիայի մասնակիցներն օգոստոսի 5-ի երեկոյան որոշել են տուն գնալ, խնայել ուժերն ու օգոստոսի 6-ին կրկին տարածք վերադառնալ: Նրանք ասել են, որ ակցիան կսկսեն դարձյալ երեկոյան: Հիմնական պահանջն անփոփոխ է՝ անվավեր ճանաչել ՇՄԱԳ-ը:

Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը վերջին օրերին լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախումներ են եղել, եղել են բերման ենթարկվածներ։

Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Նրանք կոչ էին արել բոլորին միանալ իրենց Ջերմուկում կամ ակցիա իրականացնել մայրաքաղաքում։

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։